Ուկրաինան չի համաձայնի հինգ անգամ կրճատել բանակը, ինչը պահանջում է Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ դա կդառնա հնարավոր խաղաղ բանակցությունների կարևոր հարցերից մեկը։ «Հասկանալի է. եթե մենք կարողացանք ստեղծել ավելի քան 800-հազարանոց բանակ, ապա մենք գումարած Եվրոպան բանակ ենք, որն ի վիճակի է ոչ միայն պաշտպանել իրեն, այլև հակահարված տալ Պուտինին»։
Զելենսկու խոսքով՝ 2022 թվականի պատերազմի սկզբում Ռուսաստանը 200 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա, իսկ այժմ երկրում կա 608 հազար ռուսաստանցի։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ առանց անվտանգության ուժեղ երաշխիքների՝ Պուտինը հետագայում կկարողանա ավելացնել իր բանակը և մտնել մյուս երկրներ «Ղրիմի սցենարով» ու վերջնագրեր ներկայացնել նրանց։
Ուկրաինական բանակը նվազագույնի հասցնելու պայմանը Մոսկվան Կիևին է ներկայացրել 2022 թվականի մարտի սկզբին։ Ռուսաստանը պահանջել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նախապատերազմյան թվի համեմատ կրճատվեն հինգ անգամ՝ մինչև 50 հազար մարդ, այդ թվում՝ 1500 սպա։ Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայից պահանջել է պահպանել չորս ռազմանավ, 55 ուղղաթիռ և 300 տանկ։
Bloomberg-ը նույնպես չի բացառել, որ Պուտինը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ բանակցություններում կներկայացնի ուկրաինական բանակի թիվը կտրուկ նվազեցնելու պահանջը: