ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ» նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններից, չորեքշաբթի՝ հունվարի 22-ին, հաղորդել է dpa գործակալությունը։
Սպիտակ տան ղեկավարը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ «երբ նրանք դա ցանկանան»։ Բացի այդ, Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ուկրաինական պատերազմի զոհերի պաշտոնական թիվը։ Նրա խոսքով՝ պատերազմն արդեն խլել է «միլիոնավոր մարդկանց կյանքեր»։ ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Մոսկվայի կորուստները կազմում են մոտ 800 հազար մարդ, իսկ Կիևինը` 600-ից մինչև 700 հազար։
Թրամփը նաև կրկին քննադատել է այն փաստը, որ ԱՄՆ-ն անհամաչափ մեծ ֆինանսական բեռ է կրում Ուկրաինային օգնության հարցում՝ համեմատած ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ և կոչ է արել դաշինքի գործընկերներին պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսը:
Ավելի վաղ ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալը կլինի ԱՄՆ-ի «պաշտոնական քաղաքականությունը» Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։
Պետքարտուղարի խոսքով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ապահովել երկարաժամանակ կայուն խաղաղություն։