Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է, որ վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել են։
«Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը»,- գրել է քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։
«Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։
Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝
-
10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
-
300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
-
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
-
7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝
-
30 օր - 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
-
90 օր - 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
-
365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։
Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- գրել է Ավինյանը։