Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչության համար մեղավոր ճանաչված Յասին Հուսեյնզադեի մահապատիժը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ասքեր Ջահանգիրին։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան։ Հարձակվողը ճեղքել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության կետը և Կալաշնիկով ինքնաձիգով սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել է դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից։ Այդ միջադեպից հետո Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը դադարեցրել էր իր գործունեությունը Թեհրանում։
Այն իր գործունեությունը վերսկսել է անցյալ տարվա հուլիսին՝ նոր հասցեով։ Որոշումն ընդունվել է պաշտոնական Բաքվի և Թեհրանի միջև բանակցություններից հետո։