Բրյուսելն ու Լոնդոնը պատասխան քայլեր են պատրաստել այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի բարձրացնել ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, չորեքշաբթի հաղորդել է Politico-ն։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ եվրոպացի և բրիտանացի պաշտոնյաները հույս ունեն, որ դեռ կկարողանան համոզել Թրամփին մաքսատուրքեր չսահմանել։ Միևնույն ժամանակ, նրանք «պատրաստել են պատասխան միջոցների մի շարք, ներառյալ ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը»։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կարող է տուրքեր սահմանել ԵՄ երկրների նկատմամբ, եթե նրանք չմեծացնեն ամերիկյան նավթի և գազի գնումների ծավալը։
Իսկ երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Թրամփը հայտարարել է Արտաքին եկամուտների ծառայություն ստեղծելու մտադրության մասին, որը կկարգավորի Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Նա նշել է, որ մտադիր է բարձրացնել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, նաև լրացուցիչ տուրքեր սահմանել չինական ապրանքների համար։