Առնվազն երեք հայց է ներկայացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նրա աշխատանքային առաջին օրը, հայտնել է Bloomberg-ը։ Պատճառը նախագահի հրամանագրերն են, որոնք Թրամփը ստորագրել է իր երդմնակալությունից անմիջապես հետո։
Դրանցից մեկը վերաբերում է դաշնային պաշտոնյաների պաշտոնանկություններին: Նոր հրամանագրով հեշտացվում է նրանց աշխատանքից հեռացնելու կարգը: Ստեղծվում է բացառիկ աշխատողների նոր կատեգորիա, որոնք կազատվեն աշխատանքից՝ առանց բողոքարկման իրավունքի։
Երկրորդը ծննդյան իրավունքով քաղաքացիության վերացումն է: Փետրվարի 19-ից նոր հրամանագրով կսահմանափակվի ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը: Այն չի տրվի անօրինական ներգաղթյալների երեխաներին կամ նրանց, ովքեր ժամանակավորապես գտնվում են երկրում՝ մուտք գործելով ուսանողական, աշխատանքային կամ տուրիստական վիզայով կամ առանց դրա:
Հրամանագրի հակառակորդների կոալիցիայի կազմում են նաև 18 նահանգի գլխավոր դատախազները: Նրանց համոզմամբ՝ «նախագահը չի կարող գրչի հարվածով ջնջել ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը»։
Երրորդ հայցը ընդդեմ Իլոն Մասկի դեպարտամենտի է: Այն ներկայացվել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DODGE) ստեղծման պատճառով, որը կգլխավորի մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկը: Հայցվորները կարծում են, որ Մասկի նշանակումը կարող է հանգեցնել շահերի և թափանցիկության կանոնների բախման, որոնք օրենսդրորեն սահմանված են նախագահի վարչակազմի հետ կապված բոլոր գերատեսչությունների ու բաժանմունքների համար: Պաշտոնապես DODGE-ն չի դառնա ԱՄՆ վարչակազմի կառուցվածքային մասը, բայց կհամագործակցի նրա հետ բարեփոխումների շրջանակում: Ընդ որում՝ Մասկի հիմնական խնդիրը լինելու է բյուրոկրատիայի դեմ պայքարը։