Հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ, և հրապարակվում են այն շրջանակով, որով կա պայմանավորվածություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին: Պատգամավորը նախ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների 11-րդ նիստին, ըստ տարածված հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործընթացը պետք է սկսվի Տավուշի մարզից, ապա հետաքրքրվեց՝ այս գործընթացի շրջանակում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որևէ հատվածի «հանձնում» նախատեսվո՞ւմ է:
«Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել, եթե ձեր ասած այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը նաև ընդգծեց՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը և զգայունությունը, պատգամավորը պարտավոր է նաև բացահայտել, թե ինչ աղբյուրից է ստացել նման տեղեկատվություն: