Տասը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, այդ թվում՝ Freedom Now-ն, Human Rights Watch-ը, դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին, որպեսզի հաստատեն Ադրբեջանի լիազորությունների դադարեցումը կառույցում և սահմանեն դրանց վերականգնման հստակ չափանիշներ։
Ըստ կոչի հեղինակների՝ Բաքուն «ցուցաբերում է միջազգային մեխանիզմների հետ համագործակցության մշտական բացակայություն և չի լուծում մարդու իրավունքների համակարգային խախտումները»։ Նշվում է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։
«Սկսած 2023 թվականի նոյեմբերից և 2024 թվականի նոյեմբերին COP29-ից հետո էլ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումները այլախոհների դեմ՝ հետապնդել և ձերբակալել են քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին և ակտիվիստներին՝ ներկայացնելով քաղաքական դրդապատճառներով շինծու մեղադրանքներ»,- նշել են հեղինակները:
Եզրափակելով կոչը՝ նրանք նշել են, որ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության վերադարձի համար Բաքուն պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակի կալանավորված քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին, լիարժեք իրականացնի Եվրոպական դատարանի որոշումները:
Ըստ կազմակերպությունների՝ Ադրբեջանը պետք է վերսկսի ԵԽԽՎ-ի և Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկուցողների հետ համագործակցությունը՝ ներառյալ նրանց՝ ազատազրկման վայրեր մուտք գործելը։ Բացի այդ, պետք է չեղարկի ՀԿ-ների վերաբերյալ սահմանափակող օրենսդրությունը և պայմաններ ստեղծի քաղաքացիական հասարակության անկախ գործունեության համար։