ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին:
Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 14-ն են: Այցի ընթացքում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններում, հաջողություն մաղթել աշակերտներին:
Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Հաղորդագրությունում նշված է,որ դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են` հիմք ընդունելով սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են 1-8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն: Նույն կարգավորումը վերաբերում է նաև 10-րդ դասարանի սովորողներին, եթե նրանք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, առաջնությունների և փառատոների:
Գործընթացն իրականացվում է ԿԳ նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի 1507-Ն հրամանով:
Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ավարտական դասարաններում սովորող աշակերտներին, հետաքրքրվել, թե մասնագիտական ի՞նչ կողմնորոշում ունեն, ինչպես նաև հաջողություն մաղթել հունվարի 25-ից մեկնարկող բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլում: Աշակերտներն ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն առավելապես հեշտացնում է ընդունելության գործընթացը, մեծացնում բարձր արդյունքների ապահովման հավանականությունը: