Որոտանը այն բնակավայրերից է, որտեղ «Վեոլիա ջրի» կողմից սպասարկում չի իրականացվում. ջրամատակարարումն իրականացվում է բավականին վատ գրաֆիկով: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին:
«Ջրամատակարման ցանցի արդիականացման ծրագիրը քննարկվում է «Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել: Առաջիկայում այդ մասով քննարկումները ավարտելուց հետո մարզպետի աշխատակազմը կամ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը կսկսի նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերել ծրագրի իրականացման համար: Կախված ժամանակացույցից՝ կփորձենք շինարարական աշխատանքները մեկնարկել 2025-ի ընթացքում»,- նշեց նախարարը:
«Միայն 2024 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6.2 մլրդ դրամ ֆինանսավորում է ուղղվել հանրապետության 60 համայնքների տարբեր բնակավայրերին միայն ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներին ուղղված ծրագրերն իրականացնելու համար, որից ավելի քան 4 միլիարդը համաֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով»,- ասաց նա: