Երևանում այլևս չկա այն, ինչ մենք 2017 թվականին անվանել ենք «հուսահատության ԳԱԶել»-ներ: Արձանագրենք, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել են: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այժմ քննարկվում է Երևանում նոր տրանսպորտային համակարգ ստեղծելու հարցը:
Եթե բարեփոխումներ չլինեն, ըստ Փաշինյանի, ապա առաջիկայում կունենանք տրանսպորտ, որի պատուհանի տեղը «սկոչով ցելոֆան է կպցրած», պատուհանը կոտրված է:
«Երբ մենք տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունն այն պետք է չլինի, որ ես հիմա օգտվում եմ Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն այն է, որ մենք բոլորով այդ հանրային տրանսպորտը պիտի պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա, որովհետև եթե մենք այդպես չանենք «Իկարուսի» նման ՄԱՆ ավտոբուսները դառնալու են «ԳԱԶել»-ներ, և այդ «ԳԱԶել»-ները նորից զրոյանալու են, և մենք սկսելու ենք նորից զրոյական կետից»,- ասաց նա:
Այդ համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաև մետրոյի գործունեությանը. «Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է: Դա հարստություն է, որը մենք կարող ենք կորցնել»:
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց՝ պետք է հայեցակարգային մակարդակում հասկանալ՝ մենք ուզո՞ւմ ենք այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ և զարգանալ, թե՞ չենք ուզում. «Թե՞ ուզում ենք՝ էլի գան «Իկարուս», «Երազ», իշաոտնուկներով «Երազ»-ներ, «ԳԱԶել»-ներ, հետո՝ հուսահատության «ԳԱԶել»-ներ»: