Մենք պետք է դադարենք ֆորպոստ լինելուց: Մենք պետք է դադարենք հպատակ լինելուց: Մենք պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ չենք ուզում ունենալ պետություն: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ ինքնիշխանություն և անկախություն, թե՞ դա մեզ համար ֆուտլյար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումներին, որոնց շուրջ հանրության շրջանում լայն քննարկումներ են ծավալվել:
«Այսօր հպարտությամբ ասում եմ, որ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել: Մենք այսօր չենք գնում, մեր պետության համար ձեռք պարզում սրան-նրան, մենք այսօր մեր պետության համար ձեռք ենք պարզում քաղաքացուն՝ այս պետության տիրոջը, և այդ քաղաքացին պետք է կանգնի իր կողքին: Ֆորմալ կարող է՝ մե՛ր կողքին, բայց իրականում՝ ինքն իր կողքին, որովհետև այդ գումարն ինձ չի տալիս, ինձ տալիս է այնքանով, որ ես վարձու աշխատող եմ իր համար: Այդ գումարն ինքը տալիս է իրեն, աջ գրպանից հանում, դնում է ձախ գրպանը: Իսկ այն, որ ստվերում է, այդ գումարը կորցնում է, կարող է դրանից մի հեռուստացույց ավելի է առնում, բայց իր թոռնիկի կրթությունից այդ հեռուստացույցի՝ մի բան էլ ավելի չափով հետ է վերցնում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին, որպեսզի իրագործվի: