Թույլ տվեք չհամաձայնել ձևակերպման հետ, որ ծրագիրը ձախողվել է, որովհետև հիմնական աշխատանքներն ավարտվել են, տեխնիկան ձեռք է բերվել, այս պահին գրանցումների փուլում է, և գրանցումների փուլից հետո ծրագիրը հաջողությամբ կմեկնարկի: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով կոշտ կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման աշխատանքներին:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հիշեցրեց, որ կոշտ կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման աշխատանքները 2017-ին մեկնարկել էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, նախատեսված էր աշխատանքներն ավարտել 2022-ին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչև օրս ծրագիրը չի գործում:
Պատգամավորը միաժամանակ կարծիք հայտնեց, որ ծրագիրը կարող է կարևոր դեր ունենալ աղբահանության ոլորտի ընդհանուր կառավարման տեսանկյունից, մասնավորապես՝ Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու առումով:
ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ քննարկվում է նաև այլ մարզերում համանման ձևով աղբահանության ծառայություն իրականացնելու հարցը:
«Եթե Կոտայքի և Գեղարքունիքի աղբահեռացման մոդելը հաջողությամբ կիրառվի, այն կիրառելի կլինի նաև հանրապետության մյուս մարզերի համար: Մոտավոր հաշվարկով մենք նախատեսում ենք ամբողջ հանրապետությունում սպասարկելու համար ունենալ 4-5 նույնատիպ աղբավայր: Ավարտական փուլում ենք, կարծում ենք՝ 1-2 ամսվա ընթացքում շահագործման կհանձնենք»,- ասաց նա: