ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է խաղային գործի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում որպես քաղաքականություն մշակող մարմին և «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Այս կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում:
Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ պետություն-մասնավոր գործընկերության լիազորություններն առաջնահերթ պետք է դիտարկել հանրային ակտիվների կառավարման տեսանկյունից, որպեսզի պարագայում այդ լիազորություններն առավել ներդաշնակ են ՀՀ ֆինանսների նախարարության լիազորությունների հետ՝ որպես հանրային սեփականության կառավարման ոլորտի իրավասու մարմին:
Մյուս կողմիցч մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերն ավելի մոտ են գնումների ոլորտին, ավելին, ժամանակին այդ ընթացակարգերը կարգավորված են եղել «Գնումների մասին» օրենքով:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ որքա՞ն է գնահատվում Հայաստանում խաղադրույքների ոլորտի ծավալը, նախարարը դժվարացավ պատասխանել, միայն նշեց՝ ՀՆԱ-ում խաղային ոլորտը մեծ աճ չի գրանցում:
«Մի պահ արագ աճեց և հիմա՝ վերջին տարիներին, ստաբիլ է: Թվային տվյալները կան, եթե կարիք տեսնում եք, կարող ենք դա ձեզ ուղարկել»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նպատակը պետք է լինի, որ վիճակախաղեր, օնլայն խաղեր խաղացող քաղաքացիները ոչ թե ողբերգության առջև կանգնեն, այլ դա ժամանցի ձև լինի:
«Վերջին տարիներին այս ուղղությամբ բավականին փոփոխություններ են իրականացվել, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ թվային տիրույթում կան այդպիսի բազմաթիվ ծառայություններ, և եթե մենք այդպիսի կոշտ դիրքորոշում ունենանք Հայաստանում լիցենզավորված կազմակերպությունների նկատմամբ, դրանով կարող է որոշակի հարց չլուծենք, և մարդիկ սկսեն այդ նույն խաղերը խաղալ այլ հավելվածներով, որովհետև այս ամենը տեղի է ունենում ոչ միայն ֆիզիկական, այլև վիրտուալ տիրույթում»,- ասաց նախարարը: