«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն, ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն կետը, որով մասնավորեցման էր ենթակա Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը: Նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մարզահամալիրն ունի լայն հնարավորություններ թե՛ համապատասխան ննջարանային մասնաշենքով՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, թե՛ համապատասխան մարզադահլիճներով՝ յուրաքանչյուրը 1600 քառակուսի մետրի չափով, որոնցից մեկն ամբողջությամբ համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին: Մյուս մարզադահլիճը կարող է ծառայել տարբեր մարզաձևերի համար, ինչպես, օրինակ՝ ըմբշամարտը, բռնցքամարտը, ձյուդոն:
Պահպանելով այս մարզահամալիրը իբրև սպորտային ենթակառուցվածք, մենք ունենում ենք հնարավորություն սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարևորագույն միջոցառումների իրականացման համար»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծեց՝ այն կարող է մրցաշարերի կազմակերպման վայր լինել, ապահովել ժամանող թիմերի մարզումային ենթակառուցվածքները՝ այլ որակի և ստանդարտի բերելով ՀՀ-ի կողմից մրցաշարերի կազմակերպումը: Այստեղ կարող են կազմակերպվել նաև ուսումնամարզական հավաքներ: