ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ հայտարարագրման համակարգի հետ կապված մի քանի դրույթների, որոնք, ըստ նրա, ակտիվորեն տարածվում են հասարակության մեջ:
Առաջինը, ըստ նրա, այն թեզն է, որ փոխանցումները սկսվելու են հարկվել:
«Բարեկամից գումար ստացար՝ հարկվելու է: Դա բացարձակ սուտ է, նման բան չկա: Երկրորդ թեզը, որ տարածվում է, մարդիկ մտածում են՝ այս հայտարարագիրը կոռուպցիայի կանխարգելման հայտարարագրի տրամաբանության ներքո նույնպես լինելու է հրապարակային: Սա ակնհայտ սուտ է: Նման բան, իհարկե, չկա: Այն լինելու է փակ, ավելին ասեմ՝ ՊԵԿ համակարգում հասանելիությունը տվյալ հայտարարագրերին լինելու է շատ սահմանափակ մարդկանց կողմից և ապահովելու է շատ պատշաճ մակարդակի անվտանգություն՝ տվյալների արտահոսքերը բացառելու ուղղությամբ աշխատանքներ են արվելու»,- ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ճիշտ է, որ նույնականացման համակարգի հետ կապված՝ քաղաքացիները կունենան որոշակի խոչընդոտներ, որովհետև հարկավոր է ստանալ ID քարտ, եթե դեռ չունես ID քարտ, հարկավոր է ձեռք բերել մոբայլ ID ասվածը, որը տրամադրվում է օպերատորների կողմից:
«Սա, իհարկե, որոշակի անհարմարություններ կպատճառի մեր քաղաքացիներին, բայց ուզում եմ նշել՝ սա մեկանգամյա գործընթաց է, այսինքն՝ մեկ անգամ անելուց հետո ապագա տարիներին մեր քաղաքացիները կարիք չունեն նույն գործընթացը անելու: Այսինքն՝ մեկ անգամ արեցին, և այդ ստորագրությունը հնարավոր է օգտագործել տարբեր տեղերում: Մենք նաև ընդունել ենք օրենք, որով աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մյուս տարվանից: Սա նույնպես ենթադրում է, որ քաղաքացիները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահի տեղակալը: