Նպատակ կա ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ ՀՀ օրհներգի նկատմամբ միասնական ստանդարտ ունենալ: Պետք է հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ, ինչ տևողությամբ, երաժշտական ինչ նրբերանգներով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 22-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:
Մինչ այս պահը, ըստ Սիսակ Գաբրիելյանի, ՀՀ օրհներգը, թեև նշվել է, որ կատարվում է տեքստի և երաժշտության խմբագրությամբ, բայց տարբեր ժամանակահատվածներում, տարբեր միջոցառումներին կատարվել է տարբեր կերպ: Պատգամավորը հիշեցրեց՝ երկուշաբթի, երբ ԱԺ նստաշրջանը սկսվեց, ՀՀ օրհներգը կատարվեց ճիշտ այն տարբերակով, որն առաջարկվում է նախագծով, որից, սակայն, ընդդիմադիրները դժգոհեցին:
«Շարունակում եմ պնդել, որ այն տարբերակը, որը կատարվել է ՀՀ ԱԺ-ում, միևնույն է, չի հակասել ՀՀ օրհներգին, որովհետև ՀՀ օրհներգի պաշտոնական տարբերակ հրապարակված որևէ տեղ չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ Յութուբում օրհներգի շատ տարբերակներ կան:
Պատգամավորը նաև հիշեցրեց՝ 2015 թվականի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, հուշահամալիրի մոտ ՀՀ օրհներգը հնչել է ճիշտ այնպես, ինչպես գրված է առաջարկվող նախագծով:
«Կարծում ենք՝ ՀՀ օրհներգը պետք է սկսվի այն քառատողով, որով սկսվել է, բայց ավարտվի գործող օրհներգի տեքստում գրված երկրորդ քառատողով, այսինքն՝ «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով: Այսինքն՝ ավելի նպատակահարմար ենք գտնում, որ օրհներգը սկսվի և ավարտվի Հայաստանի մասին խոսքերով»,- ասաց նա՝ նշելով, որ նախագիծն ընդունվելուց հետո կհրապարակվի նաև տեքստը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց՝ կա նաև կարծիք, որ, այնուամենայնիվ, նոր օրհներգ է պետք: Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Նոր օրհներգի համար այլ նախադրյալներ են պետք, որովհետև օրհներգն ավելի մեծ քննարկման կարիք ունի:
Բայց նաև մի բան ասեմ, որ մենք փոխում ենք նաև օրենքում կետը, որ գրել էին, թե օրհներգը ժամանակավոր է, այսինքն՝ հարգարժան Դաշնակցությունը, տապալելով Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունը... չգիտես ինչու, «Օրհներգի մասին» օրենքում գրված էր, որ այն ժամանակավոր է, այսինքն՝ մինչև նոր օրհներգ կընդունվի: Դրանից ենթադրվում է, որ նոր օրհներգի գաղափարը դեռ ընդունման պահից է եղել, բայց մենք նաև դա ենք հանում»:
Պատգամավոր Գեղամ Նազարյանն օրհներգի երկրորդ տողի մասով առաջարկ արեց՝ «…որ ապրել ես դարեդար»-ը դարձնել «.. որ ապրում է դարեդար»: Սիսակ Գաբրիելյանն այս մասով մասնագետներից պատասխան ունի, որոնք ասել են, որ վաղակատար ժամանակաձևը ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի իմաստ է արտահայտում, և որ հարկ չկա փոփոխելու: Բայց խոստացավ՝ կրկին առաջարկը քննարկել:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ ուշադիր են լինելու, որ նախագծի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերի տրամաբանությունը շարունակի օրենքի տրամաբանությունը, և դրանով իսկ օրհներգի նկատմամբ վերաբերմունքն ամբողջացվի ու իրացվի կյանքում. «…Որպեսզի սրանից հետո ամաչելու առիթ չունենանք, որ երբ մեզ հրավիրում են որևէ միջոցառման, մենք լսում ենք օրհներգի մի տարբերակ, որը ավելի լավ է՝ չլսեինք»: