Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորման, սերտացման և փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման և ընդլայնման համար:
«Համաձայնագիրը չի հակասում մեր գործող օրենսդրությանը, այդ թվում՝ ԵԱՏՄ պարտավորություններին, այն ընդամենը տվյալների փոխանակման մասին է: Մեր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ համաձայնագրով չի սահմանափակվում, ունենք գործող ծրագիր, որի շրջանակում վերազինվում են մեր ցամաքային անցման կետերի որոշ հատվածներ: Մենք ունենք Վերակառուցման և զարգացման բանկի հետ համապարփակ ծրագիր, որի շրջանակներում արդիականացվելու են ոչ միայն անցման կետերը, այլև բուն մաքսատները»,- ասաց նա:
Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում և հստակեցում:
Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները: Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառության բարձր ցուցանիշները՝ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին:
Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդմանը: