Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի խոսքով՝ օրենքի նախագիծը, ըստ էության, նպատակ ունի ներդաշնակություն ապահովել հանրային ներդրումային ծրագրերի կառավարման և բյուջետային գործընթացի միջև:
Օրենքի նախագծով առաջարկվում է «հանրային ներդրում»-ը սահմանել որպես պետական և համայնքային բյուջեների հաշվին, այդ թվում՝ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների հաշվին ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերումը, ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը կամ փոխարինումը կամ էական բարելավումները, որը պետբյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն:
Օրենքով նախատեսվում է հստակեցնել նաև «հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունը, և սահմանվում է, որ «հանրային ներդրումային ծրագրերը» կարող են ներառվել պետբյուջեում՝ որպես առանձին բյուջետային ծրագիր կամ միջոցառում: Այդ առումով առաջարկվում է «Բյուջեի մասին» օրենքում հստակեցնել «բյուջետային ծրագիր» հասկացությունը:
Վերոնշյալ փոփոխությունները նպատակ են հետապնդում համապատասխանություն մտցնել երկու օրենսդրական ակտերի միջև և ապահովել ներդաշնակություն գործընթացների միջև, որը կապահովի արդյունավետություն՝ հանրային ներդրումային ծրագրերի քննարկման և բյուջետային գործընթացներում ներառման իմաստով:
Նախագիծը պարունակում է նաև այլ տեխնիկական և խմբագրական դրույթներ: