Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի սեփականատերը կազատվի գույքահարկից՝ հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը: Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հունվարի 22-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է, և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարացվել ևս նույն ժամկետով, եթե ստացվում է, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս»,- ասաց նա՝ հավելելով, որ գույքահարկի պարտավորությունը դրվելու է հանցանք կատարած անձի վրա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվեց՝ վիճակագրություն կա՞, թե քանի նման դեպք կա:
«Վերջին 5 տարիներին տարեկան միայն առևանգված և հափշտակված տրանսպորտային միջոցները 100-ի կարգի են: Բայց նաև լինում են խարդախության և շորթման արդյունքում [դեպքեր]. սրանք փոքր թվեր են»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարևորեց նախագիծը՝ նկատելով, որ կան նաև դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը առևանգված է, իսկ սեփականատերը շարունակում է գույքահարկ վճարել:
Անդրադառնալով 4 տարում արտակարգ դրության, պատերազմական, ռազմական գործողությունների ժամանակ գրանցված դեպքերին՝ պատգամավորը նկատեց, որ կան տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են ռազմական գործողությունների վայրում և անհետացել:
«Նաև ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում սեպտեմբերի 13-14-ի հարձակման ժամանակ, և այդ մարդկանց տրանսպորտային միջոցների վրա առ այսօր գույքահարկ է գոյանում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ չեն օգտագործում, չեն տիրապետում իրենց տրանսպորտային միջոցը»,- ասաց նա՝ առաջարկելով այս դեպքերի համար ևս դրույթ նախատեսել:
Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց՝ նմանատիպ դրույթ կա, համայնքը, ավագանին կարող են չեղարկել մեքենայի գույքահարկը, եթե մնացել է այլ երկրի տարածքում:
Արուսյակ Մանավազյանը մեկ այլ խնդրից խոսեց: Նշեց, որ հատկապես մարզերում ավտոմեքենայի օտարումը կատարվում է անօրինական ձևով, և նախկին սեփականատերը հաճախ հրաժարվում է կուտակված գույքահարկը վճարելուց: Նաև առաջարկեց նախատեսել մի դրույթ, համաձայն որի՝ առևանգված մեքենայի սեփականատերը առևանգման պահից չպետք է գույքահարկ վճարի: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հաստատեց՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ հաճախ են դիմում այն հարցով, երբ ավտոմեքենան գողացված է, իսկ գույքահարկը կուտակվում է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկ այլ խնդիր մատնանշեց. լինում է, որ քաղաքացին դեռևս Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցած «гендоверенность»-ներով [գլխավոր լիազորագրով] օտարել է ավտոմեքենան, որն այլևս իրենը չէ, փաստացի չի կարող օգտագործել այն, բայց օրենքով սահմանված կարգով չի օտարել, ուստի շարունակում է վճարել դրա գույքահարկը: Պատգամավորն առաջարկեց միասնական լուծում գտնել նաև այս դեպքերի համար, և նախագիծը հետադարձ ուժով կիրառել նաև այդ դեպքերի վրա, հակառակ դեպքում կլինի տարբերակված մոտեցում:
Նարեկ Ղահրամանյանը և Արմեն Մկրտչյանը նշեցին՝ նման դեպքում կարող է իրավական խառնաշփոթ առաջանալ՝ նշելով, որ նախընտրելի է՝ օրենքը տարածվի ուժի մեջ մտնելուց հետո նման իրավիճակների վրա, և հետադարձ ուժ չունենա: