Ռուսաստանի և Չինաստանի նախագահները տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են անցկացրել:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի գործակցության հիմքում երկու երկրի ազգային շահերն են: «Մեր հարաբերություններն ինքնաբավ են, կախված չեն ներքաղաքական գործոններից կամ ներկայիս գլոբալ զարգացումներից»,- նշել է Կրեմլի ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը համակարգում են քայլերը միջազգային հարթակներում, աշխատում եվրասիական տարածքում և ամբողջ աշխարհում անբաժանելի անվտանգության ուղղությամբ։ Նա բարձր է գնահատել առևտրաշրջանառության մակարդակը, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի, տրանսպորտի և այլ ոլորտներում գործակցությունը:
Սի Ծինփինն էլ գոհունակություն է հայտնել, որ Չինաստան-Ռուսաստան գազատարի արևելյան երթուղին ամբողջությամբ գործարկվել է՝ նույնիսկ նախատեսված ժամկետից շուտ: Նա հավատացրել է՝ պատրաստ է նոր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները և դիմակայել արտաքին անորոշություններին՝ հանուն միջազգային արդարության և հավասարության։