Առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին ու աշխատողներին, ինչպես նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվություն տրամադրել, իսկ ծառայության հետ համագործակցող իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տալ: Այս դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ:
Այդ մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ նշելով, որ փոփոխությունները տեղավորվում են առանձին հետախուզական ծառայություն ունենալու տրամաբանության մեջ:
«Ծառայության կողմից թույլտվությունները կարող են տրվել բացառապես ծառայության ծառայողներին, աշխատողներին ու բացառապես ծառայության հետ համագործակցող անձանց, և այդ թույլտվությունները գործում են ծառայությունում կամ ծառայության հետ աշխատանքի ծավալով:
Թույլտվությունները տրամադրվում են պետական գաղտնիքի մասին գործող ընթացակարգերով, և, օրինակ, գաղտնի գործավարությունը պետական գաղտնիքի օրենսդրությամբ սահմանված գաղտնիության ռեժիմի պահպանման հագեցվածության, կահավորվածության, ինչպես նաև գաղտնիքի պահպանության և պաշտպանության ընթացակարգերի ապահովման առումով ծառայության համար որևէ առանձնահատկություն չի նախատեսում»,- ասաց նա:
Թույլտվությունների տրամադրման գործընթացը կազմակերպվելու է լիազոր մարմնի, այն է՝ ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ: Այդ համագործակցության կարգը սահմանվելու է ՀՀ վարչապետի կողմից:
Մեկ այլ փոփոխությամբ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու համար ծառայության կողմից թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կողմից գաղտնիության ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն, վերհսկողություն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ բացառապես իր հետ աշխատանքների ծավալով:
«ԱԱԾ-ի կողմից ծառայության նկատմամբ միջգերատեսչական վերահսկողությունն իրականացվում է ինչպես գաղտնիության ռեժիմի պահպանման համար տեխնիկական հագեցվածության, կահավորվածության տեսանկյունից, այնպես էլ օրենքով նախատեսված այլ հարցերի մասով, միայն թե վերջինի դեպքում՝ ծառայության պետի հետ համաձայնեցված դեպքերում և ծավալներով»,- ասաց նա: