Չափազանց կարևոր է, որ մենք երիտասարդաան քաղաքականության շրջանակներում հասնենք նրան, որ Հայաստանում ստեղծենք համապատասխան միջավայր, որտեղ երիտասարդների տաղանդը հնարավորինս կդրսևորվի: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է գնանք, երիտասարդներին ասենք՝ դարձի՛ր այս կամ այն, այլ պետք է ստեղծենք միջավայր, հող, որտեղ այս սերմը կծլի ու արդյունք կտա: Այդ մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խորհրդարանում քննարկվող «Երիտասարդական քաղաքականության մասին» նախագծին:
«Սա ՀՀ-ում առաջին մայր օրենքն է երիտասարդական քաղաքականության մասին, այսինքն՝ եղել են ինչ-որ հայեցակարգեր, գործողության ծրագրեր, հիմնադրամներ, որոնք տարատեսակ գործունեություն են իրականացրել Հայաստանում, ժամանակին երիտասարդներին փորձել են օգտագործել [որպես] կուսակցական, որպես քաղաքական աշխատուժ ընտրությունից ընտրություն և տարբեր գործընթացների ժամանակ, բայց երիտասարդական քաղաքականություն և երիտասարդական քաղաքականության մասին օրենք չի եղել:
Ուզում եմ արձանագրել, որ առաջին անգամ ՀՀ-ում մենք ընդունելու ենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որն իր հերթին պիտի ունենա մշակված գործողությունների պլան ապագայում, գործողությունների ծրագիր, ուղղություններ»,- ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովի՝ հունվարի 21-ի նիստին առաջին ընթերցմամբ քննարկվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանել ոլորտի հիմնական դերակատարներ, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները, ամրագրել երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումներ, ապահովվել օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման, երիտասարդական կենտրոնների ձևավորման ու գործունեության համար:
Նախատեսվում է մինչև 2026 թվականի գործողությունների ծրագրով ունենալ 25 երիտասարդական կենտրոն: