ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նկատելով՝ պարտադիր հայտարարագրման գործընթացը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում: Նշվեց՝ մտավախություն կա, որ պետք է հայտարարագրվեն նաև միմյանց արված փոխանցումները՝ դրանք դիտարկելով եկամուտ: Նշվեց նաև՝ դժգոհությունը վերաբերում է նաև փետրվարի 1-ից տրանսպորտի սակագնի թանկացմանը:
Սիմոնյանի խոսքով՝ նման բան չկա, որ 5000 դրամ մարդը փոխանցի և դրա պատճառով հարկվի կամ դրա պատճառով խնդիրներ ունենա:
«Երկրորդ՝ հայտարարագրման պրոցեսը սկսվելու է ոչ այս տարի: Դրա հետ կապված բազմաթիվ բացատրություններ և պրոցեսներ կան, որոնք պետք է տեղի ունենան: Նման օրակարգ չկա: Ասեմ ավելին՝ հայտարարագրում իրականացնող անձը նույնիսկ կարող է ֆինանսապես եկամուտ ունենալ, մինչև չգիտեմ, մի քանի տասնյակ կամ նույնիսկ 100 հազար դրամի հասնող:
Օրինակ՝ կարող է այնպես լինի, որ մարդը հայտարարագիր լրացնելու շնորհիվ գումար հետ ստանա պետությունից, այսինքն՝ հայտարարագիր ես լրացնում, օրինակ՝ աշխատում ես 50 հազար դրամ դրա շնորհիվ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, Սիմոնյանը խորհուրդ տվեց հասկանալ՝ ինչի համար է այն պայքարը, որ տրանսպորտը լինի 100 դրամ:
«Զարմանում եմ՝ ինչի պայքար չեն սկսում, որ տրանսպորտը ընդհանրապես լինի ձրի: Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ: Այն պայքարը, որը ես իրականացրել եմ, իրականացրել եմ ջարդված «ԳԱԶել»-ների, ծխող վարորդների, իրար մեջ խցկված, առանց օդորակիչի, հուսահատության «ԳԱԶել»-ների դեմ»,- ասաց նա՝ նշելով, որ կան խնդիրներ, որոնք պետք է հղկվեն:
Նրա խոսքով՝ դա կեղծ, դեմագոգիկ օրակարգ է, այդ բոյկոտը կազմակերպողների մեծ մասը ավտոբուսով չի էլ երթևեկում:
«Աշխարհում մոտավորապես 20 ցենտով ոչինչ չկա: Համակարգ է ներդրվում, կան խնդիրներ: Բոլոր բարեփոխումներն այդ ձևով են տեղի ունենում: Եթե այդ համակարգը չներդնենք, վերադառնալու ենք խցկված «ԳԱԶել»-ներին: Բոլորն էլ հասկանում են, որ լավ ապրանքի համար պետք է բարձր վճարել, վատի համար՝ վատ»,- հավելեց Սիմոնյանը: