Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշիչներ են ներդրվել շուրջ 530 մանկապարտեզներում: Ներդրման արդյունքում կարգավորումներ անելու կարիք է առաջացել: Թեմային առնչվող «Նախադպրոցական կրթության մասին» որոշման նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հունվարի 21-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մենթոր մանկապարտեզների համակարգ, որի միջոցով վերապատրաստում կիրականացվի այն մանկապարտեզներում, որտեղ ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը:
«Այդ մանկապարտեզները 23-ն են, որոնք 2024-2025 ուսումնական տարում 350 մանկավարժի վերապատրաստել և նախապատրաստել են չափորոշչի ներդրմանը»,- ասաց նա:
Առաջարկվող մեկ այլ փոփոխություն վերաբերում է լիցենզավորման կարգին: Ըստ նախարարի տեղակալի՝ կա շուրջ 150 լիցենզավորված նախադպրոցական հաստատություն, որից 87-ը 2024-ին են լիցենզավորվել:
«Անհրաժեշտություն է առաջացել օրենքում փոփոխություն կատարել՝ նշելով, որ լիցենզիա կարող է ստանալ կամ նախադպրոցական կրթություն կարող է իրականացնել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ հստակեցվել են նաև «այլընտրանքային նախադպրոցական ծառայություն» և «նախադպրոցական ծառայություն» հասկացությունները»:
Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին՝ մանկավարժական ստաժ ունենալու պայմանին:
«Գործող կարգավորմամբ տնօրեն կարող են դառնալ մանկավարժական ստաժ ունեցող անձինք: Առաջարկում ենք՝ գիտամանկավարժական գործունեություն ծավալած անձինք ևս տնօրեն դառնալու հնարավորություն ունենան»,- ասաց նա:
Մեկ այլ կարգավորում վերաբերում է մանկավարժի տրանսպորտային ծախսի փոխհատուցմանը, ինչը, ըստ նախարարի տեղակալի, մարզերում հնարավորություն կտա հարակից բնակավայրերից աշխատակիցներ ներգրավել:
Նախատեսվում է նաև դայակների նապատրաստման կարգ սահմանել: