Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր նրան՝ արդյոք իշխանությունը շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի Խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
Նրա խոսքով՝ հիմա քննարկումներ են տեղի ունենում:
«Դուք ինքներդ շեշտեցիք, որ այսօր Ռուսաստանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու: Հիմա ես Ազգային ժողովից ինչ-որ նարատիվ դնեմ քննարկումների մեջ ու ԱԳ նախարարին դնեմ կաղապարների մեջ՝ կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ չկա այնպիսի հարց, որը չի քննարկվելու, քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը Ռուսաստանն է:
«Բանակցությունները, քննարկումները լինում են հետևյալ կերպ. ամեն կողմը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացնում, և քննարկումների մեջ գտնվում է ոսկե միջինը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանն այն մասին, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը դրական է գնահատել, սակայն Ալիևի պահանջներից մեկը երրորդ երկրների ներկայությունը բացառելն է, ԱԺ նախագահը պատասխանեց, որ Հայաստանն էլ, ի պատասխան, իր առաջարկն է ներկայացրել:
«Հենց այդ ասածի վերաբերյալ մեր առաջարկն ենք ներկայացրել: Չեմ կարող բարձրաձայնել, դա բանակցային պրոցեսին կվնասի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգմանը, ԱԺ նախագահը հույս հայտնեց՝ այն Հայաստանում կերկարաձգվի:
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ այն կետերում, որտեղ կլինի դեմարկացված սահման, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի:
«Բայց որևէ հստակ բան այս պահին չեմ կարող ասել»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը: