Ադրբեջանի նպատակն այն է, որ մենք էլ առաջ տանենք մեր հնարավոր պահանջները, և ինքը լեգիտիմ իրավունք ունենա մեզ վրա հարձակվելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու՝ մինչ Հայաստանը հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների նկատմամբ, Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» թեզը:
«Դա այնքան պրիմիտիվ և պարզ բան է, որ ասելու չի: Որովհետև ես այստեղ ասում եմ Ղարաբաղ, դուք ինձ ասում եք՝ Արցախ չեք ասում։ Նույնը հակառակ պատկերացրեք:
Երբ նրանք ասում են «Արևմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է: Դա է մեծ խնդիրը, որը ստիպում է նաև բառապաշարի առումով ճիշտ ձևակերպումներ տալ, որպեսզի նոր պատերազմ և հարձակում չհրահրենք:
Եթե դու չունես պահանջ, իսկ մենք իսկապես չունենք պահանջ, ինչի է պետք դա ասել: Վարչապետն ասաց, որ Հայաստանն ավարտվում է Արմավիրի և Տավուշի մարզերով, այն քարտեզով, որը փակցված է այնտեղ: Ես քարտեզն իզուր չեմ փակցրել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է երեկ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ ԱԺ նիստերի դահլիճում փակցրած քարտեզին, Սիմոնյանը նկատեց՝ այն իրական Հայաստանի հետ ոչ մի կապ չունի:
«Դա նույնիսկ Սերժ Սարգսյանի ներկայացրած Հայաստանի հետ ոչ մի կապ չուներ: Դա Աննա Մկրտչյանի հերթական շոուն էր»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ էր ունեցել խորհրդարանում, և հաշվի առնելով, որ խորհրդարանի դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ քարտեզի մակետը, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրել էր ԱԺ ամբիոնին: