Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Կսահմանվեն դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, ինչպես նաև ստորաբաժանումների համալրման կարգը: Այդ մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվող փոփոխություններն ընդունելու դեպքում տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումը կիրականացնի բանակային կորպուսի հրամանատարը, ու դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր»,- ասաց նա:
Կսահմանվեն նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծ մասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին: