Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Մենք առաջարկում ենք կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ վերը նշվածի մասին հայտնել նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին: Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հունվարի 21-ի նիստին ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ առաջարկները չեն վերաբերում հեռուստաբովանդակությանը:
«Առաջարկվում է հանրային մուտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին նաև հավելյալ տեղեկանք կցել՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Գործող օրենքով հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե խախտվել են օրենքի համապատասխան հոդվածի պահանջները, այն է՝ արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
«Առաջարկում ենք լրացնել հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցման պայմանը, եթե կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության՝ կասեցված լինելու պայմաններում հեռարձակողի կողմից իրականացվել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում:
Նշված կարգավորմամբ եթե հեռարձակողը տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության՝ կասեցված լինելու ժամանակահատվածում (մինչև 30 օր) իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում, ապա վերջինիս հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը նախատեսվում է դադարեցնել»,- ասաց նա:
Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ նախագիծը որոշ առումներով դասական հեռուստատեսություններին բերել, հավասարեցրել է հեղինակազորված և կաբելային ցանցերում աշխատող, նույն բովանդակությունն ունեցող հեռուստաընկերություններին:
«Հաջորդ փուլում մենք պիտի գանք համացանցում գործող, բայց նույն բնույթն ունեցող հեռուստաընկերությունների կարգավորմանը: Սա բարդ է լինելու, քննադատությունը գուցե մեծ է լինելու, բայց աշխարհն այս փուլն անցել է 10 տարի առաջ: Մենք նոր մտածում ենք, օրինակ՝ յութուբյան էջում դա կարգավորե՞նք, թե՞ չկարգավորենք: Սա առաջին քայլն է»,- ասաց նա:
ԲՏԱ նախարարը հավելեց. «Այն, ինչ Կառավարությունն առաջարկում է, շատ հստակ է. ասում է՝ այն խաղի կանոնները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսում գործող 20-ից ավելի հեռարձակողների համար, արդար կլինի, որ գործեն, օրինակ, ցանցային օպերատորներով հեռարձակվողների համար, որովհետև դրանց շահառուն կրկին հայաստանցի հեռուստադիտողն է»: