ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դելիմիտացիայի հարցին, այն հյուսիսից սկսելու վերաբերյալ ընդդիմադիր գործիչների մտահոգություններին, ըստ որոնց՝ Տավուշի անկլավները թիրախում են հայտնվելու. դրանք հանձնելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա:
«Նախ՝ այն փաստաթուղթում, որը ստորագրվել և երկկողմ հաստատվել է, ֆիքսված է, որ անկլավների հարց չկա։
Երկրորդ՝ մենք անկլավների քննարկման հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում։ Կա Արծվաշենը՝ մեր ֆիքսված հայկական անկլավը, և որևէ խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելու։ Չենք կարծում, որ դա օրակարգային հարց է, որի շուրջ մենք պետք է անհանգստանանք կամ մտավախություն ունենանք»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ մշտապես ասել ենք, որ շատ կարևոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված։
«Եթե այդ տարածքները իրավական փաստաթղթավորում ունեն, ապա ոչ մի խնդիր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում, և այն նույնպես ճանապարհի խնդիր պետք է ունենա»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը: