Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, բայց արձագանքելու որևիցե բան չկա: Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում, ցավալի է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հետևո՞ւմ է Բաքվում սկսված՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությանը:
«Հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա դրա ավարտից հետո այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ արդյոք հայկական կողմը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է այդ ուղղությամբ, ինչի մասին բարձրաձայնում են ԼՂ նախկին պաշտոնյաները, պատասխանեց՝ նրանց հայտարարություններին և ասածներին միտված չէ հետևել:
«Ավելի լավ կլինի՝ նրանք լռեն, չխառնվեն: Իրենք ինչքան խառնվեցին, դրա հետևանքը տեսանք: Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական: ՀՀ իշխանությունը մեկն է, և այո՛, մենք պետք է որոշում կայացնենք, և իրենք այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն առանձին օրակարգ մշակել: Դա չի էլ ստացվելու, թույլ էլ չենք տալու: Թող իմանան՝ ով ինչով է զբաղվում ու հանկարծ չսխալվեն»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմամբ՝ այդ մարդիկ առանց հայրենիք մնացին, երբ ԼՂ-ն ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ընդգծեց՝ դա տեղի չի ունեցել իրենց կայացրած որոշման հետևանքով:
«Ղարաբաղը երևիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որևէ իշխանության ժամանակ, և ՀՀ-ն իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»,- նշեց նա:
Լրագրողները հիշեցրին Սիմոնյանի այցը Աղդամ, ինչին ի պատասխան՝ նա նշեց՝ բոլորս էլ սխալվում ենք:
Դիտարկմանը՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ԼՂ-ն Հայաստան է, և վերջ, այդ սխա՞լը հանգեցրեց հազարավոր զոհերի, արդյո՞ք նա սխալվել է այդ ժամանակ:
«Երբ զոհերի թիվ եք ավելացնում, ինչի՞ չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 25 հազար մարդ շրջափակումից խուսափեց, 25 հազար երեխա և մարդ վերադարձավ իր ընտանիք: Ինչ վերաբերում է սխալներին, վարչապետը դրա մասին բարձրաձայն ասել է, և մեր իրականության մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում՝ ես և ինքը»,- խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է գերիների հետ կապված հարցին՝ նշեց՝ Բաքվում ունեինք 150-ից ավելի գերիներ, իսկ հիմա ունենք 23 հաստատված գերի, որոնցից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է: