Հայաստանում սննդի շղթայի օպերատորները՝ բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով, շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների, այսուհետ գրանցման համար սննդի շղթայի օպերատորների ռեեստր վարող մարմին օրենքով սահմանված տեղեկատվության հետ կներկայացնեն նաև ներդրված ՎՎՀԿԿ (Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար, և իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության, որակի կառավարման առաջադեմ գործիքներ:
Թեմային առնչվող ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ նշելով, որ նախագիծը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացմանը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Մեկ այլ փոփոխությամբ կսահմանվի կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի, մթերքի ստացման դեպքում տեղեկատվություն տրամադրելը կենդանու բուծման երկրի մասին:
«Ներկայումս առկա է օրենսդրական բաց, ինչը հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել, թե կենդանին որ երկրում է բուծվել՝ տեղական արտադրությա՞ն, թե՞ ներմուծված կենդանուց է ստացվել»,- ասաց նա՝ նշելով, որ որոշ իրավական ակտերում ևս փոփոխություններ կկատարվեն:
Ըստ նախարարի տեղակալի՝ առանձին պահանջով կսահմանվեն նաև սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Հարակից զեկուցող Սերգեյ Բագրատյանը նշեց՝ նմանատիպ նախաձեռնությունների նպատակը հասարակության համար առողջ սնունդ ապահովելն է և զեղծարարություններից հնարավորինս խուսափելը:
«Խիստ կարևոր է մեր քաղաքացիների առողջությունը, և եթե մենք ամբողջությամբ չենք փակում խնդիրները, պետք է նաև ժողովրդից եկած խոսույթներով և մեր ուսումնասիրություններով գտնենք բոլոր բացերը, կարողանանք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների: Այս նախագիծը ևս որոշ բացեր փակում է, բայց, իհարկե, ամբողջովին չի փակում, և պետք է շարունակականորեն աշխատել այս ուղղությամբ»,- ասաց Բագրատյանը: