Ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի ճարպի փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, հետևաբար, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել՝ կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչո՞վ, թե՞ առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություն, սահմանել դրույթ, որ կաթնամթերքի վաճառքն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է իրականացնել գունային դարակաշարերով: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել՝ կաթնամթերքը բնակա՞ն է, թե՞ պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով:
Կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը: Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում, և տվյալ դեպքում սպառողը, ավելի թանկ վճարելով, գնում է ավելի էժան արտադրանք»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ որոշումը ֆինանսական բեռ չի առաջացնի տնտեսվարողների համար, քանի որ առևտրի կետերում դարակաշարեր կան, միայն պետք է դրանց վրա գունային ինքնակպչուն պիտակներ փակցնել:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարևորեց նախագիծը, ապա հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր, որ արտադրողներն իրենք իրենց ապրանքների վրա տարբերանշան անեին, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ հաճախորդը դարակաշարերի ապրանքն իր տեղում չդնի, տեսչական մարմնի աշխատակիցը դա արձանագրի:
Նախարարի տեղակալը նախ նկատեց՝ դարակաշարերի խառնված ապրանքները տնտեսվարողի խնդիրն է, ինչ վերաբերում է ապրանքի վրա գունային պիտակ փակցնելու առաջարկին, ապա ԵԱՏՄ-ում հայկական կողմից նման նախաձեռնություն եղել է, բայց չի ընդունվել:
«Դեռևս 2021 թվականին [էկոնոմիկայի] նախարարությունը դիմել է ԵԱՏՄ հանձնաժողովին՝ փոփոխություն կատարելու տեխնիկական կանոնակարգում, որպեսզի պարտադիր պահանջ դառնա բոլոր տնտեսվարողների համար, սակայն հանձնաժողովը մերժել է: Հետևաբար մենք կամավոր հիմունքով ենք թողել արտադրատեսակի վրա փակցնելու պահանջը, որովհետև գիտեք՝ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, և եթե ԵԱՏՄ անդամ երկներում դա պարտադիր չէ, հետևաբար պահանջը կիրառվելու է Հայաստանի արտադրողների վրա, իսկ ներմուծվածի դեպքում պահանջ կիրառել չենք կարող»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:
Նախարարությունում խոշոր տնտեսվարողների հետ հանդիպում է եղել, և, ըստ Տաթևիկ Սարգսյանի, վերջիններս ողջունել են նախագիծը: Նաև տեղեկացրեց, որ ԵԱՏՄ երկրներից, օրինակ՝ Բելառուսից, ներկրվող ապրանքի դեպքում նման պահանջ չեն կարող կիրառել՝ հաշվի առնելով նախաձեռնության մասով ԵԱՏՄ արձագանքը, սակայն տեղի արտադրողների համար նման պահանջ կիրառելը կմնա կամավոր հիմունքներով: