ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին այսօր լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի մասին՝ հետաքրքրվելով, թե երբ է տեղի ունենալու քվեարկությունը:
Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են եղել նախկինում, երբ քննարկվել է և հաջորդ օրն է քվեարկվել, եղել են դեպքեր, երբ երկու օր հետո է եղել քվեարկությունը:
«Մենք ընթացակարգով շարժվում ենք առաջ: Մնացած բոլոր հարցերի մասին կտեղեկանաք»,- պատասխանեց Հակոբյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք խմբակցությունը որոշում ունի՞ Սիրունյանին ընտրել-չընտրելու վերաբերյալ, պատասխանեց՝ քվեարկությունը փակ՝ գաղտնի է:
«Կոռեկտ չի, որ բոլորի անունից միտք արտահայտեմ: Դա պետք է անի խմբակցության ղեկավարը, քարտուղարը, որոնք լիազորված են: Ես կկատարեմ այն որոշումը, որը կկայացնի ՔՊ խմբակցությունը»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե արդյոք նա տեղյա՞կ է ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրված Սիրունյանի հայհոյախառն գրառումների մասին և արդյոք նրան կընտրի՞, Հակոբյանը պատասխանեց՝ ինքը քվեարկությամբ կտեղեկացնի իր դիրքորոշման մասին:
«ՔՊ-ի որոշման մասին հասարակությունը կտեղեկանա»,- հայտարարեց Հակոբյանը:
Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: