Սիրիայի քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որը 14 տարվա պատերազմի ընթացքում ստեղծել է կիսաինքնավար գոտի, բանակցություններ է վարում Դամասկոսի նոր վարչակազմի հետ: Սաուդյան Արաբիայի Asharq News հեռուստաալիքի հետ հարցազրույցում SDF-ի հրամանատար Մազլում Աբդին (նաև հայտնի է որպես Մազլում Քոբանի) ասել է, որ իրենց հիմնական պահանջներից մեկը Սիրիայի ապակենտրոնացված կառավարումն է: Նա նշել է, որ SDF-ը բաց է պաշտպանության նախարարության հետ ինտեգրվելու համար, բայց որպես «ռազմական բլոկ», և առանց լուծարվելու։
Սիրիայի պաշտպանության նոր նախարար Մուրհաֆ Աբու Քասրան մերժել է այդ առաջարկը: Դամասկոսում Reuters լրատվական գործակալության հետ զրույցում նա ասել է, թե ճիշտ չի լինի, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալները, որոնք տեղակայված են երկրի հյուսիս-արևելքում, պահպանեն իրենց դաշինքը ավելի լայն ինտեգրված սիրիական զինված ուժերի կազմում:
«Սիրիայի անհամար զինված խմբերի ինտեգրումը միասնական հրամանատարական կառուցվածքում նոր կառավարության առաջնահերթությունն է, իսկ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ձգձգում են այդ բարդ խնդրի լուծումը»,- ընդգծել է նախարարը: