ՌԴ անվտանգության խորհրդի նիստում նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Նա նաև ընդգծել է. «Մենք ողջունում ենք ԱՄՆ նորընտիր նախագահի և նրա թիմի անդամների հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին», և նշել, որ Թրամփի վարչակազմի հետ պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության:
«Մենք բաց ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսության համար։ Այստեղ ամենակարևորը ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելն է: Ինչ վերաբերում է բուն իրավիճակի կարգավորմանը, կրկին ուզում եմ շեշտել՝ դրա նպատակը չպետք է լինի կարճատև զինադադարը, ոչ էլ ուժերի վերախմբավորման, վերազինման համար դադարը՝ հակամարտությունը հետագայում շարունակելու նպատակով: Անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն՝ հիմնված այդ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։