Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրագույն հրամանատարությունը ներկայացրել է մոտորանավակների տեղակայման գաղտնի ստորգետնյա ռազմածովային բազան: Համապատասխան տեսանյութը ցուցադրել է SNN պետական հեռուստառադիոընկերությունը:
Ինչպես նշվում է զեկույցում, բազան գտնվում է Պարսից ծոցի ափին անանուն վայրում՝ մինչև 500 մ խորությամբ և ունի ընդարձակ թունելների համակարգ։ Այն ցուցադրել են ԻՀՊԿ-ի գերագույն հրամանատար Հոսեյն Սալամին և ռազմածովային ուժերի (ծովային) կորպուսի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին։
Սալամին ընդգծել է բազայի ռազմավարական նշանակությունը Իրանի ռազմածովային նավատորմի մարտունակության բարձրացման և տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս հավանական հակառակորդներին զսպելու կարողության հարցում: Թանգսիրին իր հերթին կառույցն անվանել է «նավերի լավ պաշտպանված ստորգետնյա քաղաք»։ Նա հավելել է, որ բազան ունի մի քանի ելք դեպի Պարսից ծոց, որոնց շնորհիվ հնարավոր է մոտորանավակներն արագ ջուրն իջեցնել։
Բացի այդ, նշվում է, որ բազայում պահվում են նաև ականներ տեղադրող նավեր, որոնց առկայությունը մեծացնում է Իրանի ռազմածովային ուժերի հնարավորությունները՝ վերահսկելու Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի առանցքային տարածքները։