ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանիային։ Մինչ այդ պետության ապագա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և նրա կնոջը պաշտոնական նստավայրում դիմավորել են հեռացող փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։
Սպիտակ տան Կապույտ սենյակում տեղի կունենա քաղաքական գործիչների համատեղ թեյախմություն։ Չորս տարի առաջ Բայդենի երդմնակալության ժամանակ այս ավանդույթը խախտվեց, քանի որ ընտրությունում պարտված Թրամփը առավոտյան լքեց Սպիտակ տունն ու գնաց Ֆլորիդա՝ իր Մար-ա-Լագոյի կալվածքը։
Քաղաքական գործիչների թեյախմությունից հետո նախագահական ավտոշարասյունը Սպիտակ տնից կուղևորվի Կոնգրես, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողությունը։ Վաշինգտոնում սպասվող ջերմաստիճանի մինչև -11 աստիճան անկման պատճառով Թրամփն ու Վենսը երդում կտան ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ռոտոնդայում՝ դրա կենտրոնական դահլիճում, որը տեղավորում է մոտ հազար մարդու։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Բայդենը պաշտոնը լքելուց առաջ հրաժեշտի նամակ է թողնելու Թրամփին։ Ըստ ժամանակակից ավանդույթի՝ հեռացող ղեկավարը նամակ է թողնում նոր ղեկավարին Օվալաձև գրասենյակում: