Այսօր կայանալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և հրավիրյալների թեման դարձել է միջազգային մամուլի բուռն քննարկումների առարկա:
Եվրոպական ոչ մի պետության կամ կառավարության ղեկավար 1874 թվականից ի վեր երբևէ չի մասնակցել ամերիկացի նախագահների երդմնակալությանը: Ավանդաբար այդ օրն ամերիկացիների համար համարվում է ներքին իրադարձություն, և արտասահմանյան երկրները սովորաբար ներկայացված են լինում իրենց դեսպաններով:
Այս տարի Դոնալդ Թրամփը բացառություն է արել և անձամբ հրավիրել է մի քանի ծայրահեղ աջ քաղաքական գործչի ԵՄ-ից և մյուս երկրներից: Նրանց թվում են Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հրավիրված է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, սակայն նրան կփոխարինի փոխնախագահ Հան Չժենը: Ի դեպ, Եվրոպայում Թրամփի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հրավիրված չէ։
Սպասվում է, որ Վաշինգտոնում կայանալիք արարողությանը կմասնակցի 200 հազար մարդ։
ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունը բաղկացած է մի քանի պաշտոնական փուլից՝ Վաշինգտոնի Լաֆայետ հրապարակի Սուրբ Հովհաննես եկեղեցում ծառայությունից մինչև երեք երդմնակալության պարահանդես՝ ամբողջ քաղաքում, որոնցում ենթադրվում է՝ ելույթ կունենա նորընտիր նախագահը:
Միջոցառման գլխավոր բեմում՝ ԱՄՆ Կապիտոլիումում, նախ տեղի կունենա երաժշտական ներկայացում, ապա Դոնալդ Թրամփի և նորընտիր փոխնախագահ Ջեյ Վենսի երդումը, որից հետո Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը հանդես կգա իր երդմնակալության ուղերձով։