ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրաման` էներգետիկայի, սահմանների և ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «մի շարք գործադիր հրամաններ և գործողություններ, որոնք հիմնովին կբարեփոխեն ամերիկյան կառավարությունը»։
Մասնավորապես, ըստ աղբյուրի, նախագահն արտակարգ դրություն կհայտարարի պետական սահմանին, ԱՄՆ զինվորականներին կհանձնարարի համագործակցել ներքին անվտանգության նախարարության հետ՝ հարավային սահմանին կարգուկանոն ապահովելու համար և կհայտարարի սահմանը փակելու մասին՝ բոլոր անօրինական ներգաղթյալների համար։
Նորընտիր նախագահը մտադիր է նարկոկարտելները ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, ինչը նոր հնարավորություններ կբացի ազգային անվտանգության ապահովման համար։ Թրամփը ծրագրում է Մեքսիկայի հետ սահմանին կառուցել պատի նոր հատված։
Նա սպառնում է նաև դուրս գալ Փարիզի համաձայնագրից, դադարեցնել հողմային տուրբինները, դադարեցնել էլեկտրական մեքենաների և ջերմային պոմպերի սուբսիդիաները և վերականգնվող էներգիայի փոխարեն վերադառնալ հանածո վառելիքին՝ նավթին ու գազին։
Դոնալդ Թրամփը խոստանում է Միացյալ Նահանգները դարձնել մոլորակի գլխավոր էներգետիկ ուժը և էժան նավթով ու հեղուկ գազով հեղեղել ոչ միայն Ամերիկան, այլև ամբողջ աշխարհը, նայած Ջո Բայդենի «կանաչ» օրակարգին։