Վաշինգտոնում ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Նա երդվել է Աստվածաշնչի վրա՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահը:
Սառնամանիքի և ուժեղ քամիների պատճառով երդմնակալության արարողություն անցկացվում է Կապիտոլիումի ռոտոնդայում: 1985 թվականին Ռոնալդ Ռեյգանի հրապարակային երդմնակալությունից հետո սա ԱՄՆ նախագահի առաջին երդմնակալությունն է, որը տեղի է ունենում փակ տարածքում:
Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ է ստանձնում ԱՄՆ նախագահի պաշտոնը: Նրա առաջին երդմնակալությունը տեղի է ունեցել ութ տարի առաջ՝ 2017 թվականի հունվարին: Երդմնակալության արարողությունից առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին, Սպիտակ տանը դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը:
«Բարի գալուստ տուն», - Սպիտակ տանն այսպես է դիմավորել Բայդենը Թրամփին:
Սպիտակ տանը հանդիպումից հետ նույն մեքենայով Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը ուղեվորվել են Կապիտոլիումի շենք: Արարողությունից առաջ սրահ են մտել նախկին նախագահներն ու առաջին տիկնայք, այդ թվում՝ Բիլ Քլինթոնը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Ջորջ Բուշը և Լորա Բուշը, արարողությանը ներկա է նաև նախկին նախագահ Բարաք Օբաման։
Նախկին նախագահներից հետո, բեմահարթակ դուրս եկան նաև Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը: Կոնգրեսի երդմնակալության արարողությունների համատեղ հանձնաժողովի նախագահը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ այս արարողությունը հավատարմության երդում է ընտրողներին, որոնք իրենց վստահությունն են հայտնել ԱՄՆ հերթական նախագահին: