ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ալեքսանդր Սիրունյանը ծնվել է 1971 թվականին Վրաստանում՝ բժշկի ընտանիքում: 1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 1998-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
1997-2006-ին Վաշինգտոն, Բուդապեշտ, Երևան, Լոս Անջելես քաղաքներում մասնակցել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության, Ամերիկայի փաստաբանների միության, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կազմակերպած՝ դատաիրավական բարեփոխումներին և քրեական իրավունքի խնդիրներին վերաբերող վերապատրաստումներին:
1994-2009-ին աշխատել է Գլխավոր դատախազությունում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2001-2013-ին դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2009-ից մինչ օրս «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի տնօրենն է, Փաստաբանների պալատի անդամ: Հեղինակել է 7 գիրք, 30 գիտական հոդված: Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի, գնդապետի կոչում, դոցենտի գիտական կոչում: