ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրված պատգամավոր Արսեն Թորոսյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ իրեն ուղղված հարցերին:
Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի մտահոգությանը, որը վերաբերել է քովիդի ժամանակ բժիշկների կողմից ինչ-որ մարդկանց ասած խոսքերին, թե եկեք ձեր մահացածին գրենք քովիդի տակ՝ գումարներ ստանալու համար, ասաց՝ խնդրում է մի կողմ դնել այդ դավադրապաշտական թեզերը, դրանք չտիրաժավորել:
«Այս թեզերը եկեք գոնե մենք Ազգային ժողովում չտիրաժավորենք: Երբ նախարար էի քովիդի ժամանակ, սրանք մամուլով հիբրիդային պատերազմի տակ սկսեցին սպրդել, բայց գեթ մեկ նման դեպք չի հաստատվել: Եթե նման գեթ մեկ դեպք դուք գիտեք, խնդրում եմ ինձ ասեք, գնանք իրավական գնահատական տանք»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ քովիդից փորձը տարատեսակ է եղել՝ և՛ սխալներ են եղել, և՛ ճիշտ քայլեր:
«Ոչ մի երկիր չի կարող պարծենալ, թե ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է արել: Եղել է նոր հիվանդություն: Վերջին նման ինֆեկցիան եղել է դրանից ուղիղ 100 տարի առաջ, և մեր բժշկագիտությունը պատրաստ չի եղել նման մարտահրավերի: Հիմա ակնհայտորեն պատրաստ է»,- ավելացրեց Թորոսյանը:
Ինչ վերաբերում է առողջապահական տուրիզմին, ասաց՝ այն միանշանակ պետք է զարգացնել, ընդգծեց՝ որոշ ուղղություններով Հայաստանը բավական զարգացած է: Դա հիմնականում պլաստիկ վիրաբուժությունն է, ատամնաբուժությունը, սակայն հարցն այն է, որ առողջապահական տուրիզմը ընդհանուր տուրիզմից զատ չի կարող զարգանալ:
«Ուրախ եմ, որ էկոնոմիկայի նախարարության հետ այդ հարցը քննարկվում է»,- հայտնեց Թորոսյանը:
Գյուղական ամբուլատորիաների բուժօգնության հասանելիության մասին հարցի վերաբերյալ նշեց՝ այդտեղ կա խնդիր:
«Ես դարման, պանացեա այս պահին չունեմ՝ ինչպես այդ հարցը լուծել, եթե կարիք լինի, հարցը քննարկենք հանձնաժողովում, լուծումներ կտանք»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը և բուժհաստատությունների ենթակայությանը վերաբերող հարցին, նկատեց՝ այդ հարցն էլ պետք է լուծվի: Նրա խոսքով՝ մեր երկրում որևէ բուժհիմնարկի ենթակայությունը որևէ դեր չի խաղում նրա մատուցած ծառայությունների մեջ: