Վերջին անգամ՝ մեր ֆրակցիայի նիստի ժամանակ, վարչապետին խոստացա, որ Վայոց ձորի ԲԿ-ի թերությունները կներկայացնեմ: Հիմա ձեր միջոցով ցանկանում եմ այդ թերությունների մասին ասել, քանի որ ուսումնասիրել եմ կատարվողը: Այդ մասին խորհրդարանում Արսեն Թորոսյանի թեկնածությունն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկելու ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորը տեղեկացրեց՝ Վայոց ձորի ԲԿ-ն չունի մանկաբույժ և գինեկոլոգ, քանի որ աշխատավարձը ցածր է, նաև շինարարության հետ կապված կան խնդիրներ, օրինակ՝ անձրևների ժամանակ նոր կառուցված ԲԿ-ում դույլեր են դնում, կամ սանավիացիայի ուղղաթիռի համար տարածքը փոքր է վայրէջքի համար:
«Շինարարական թերությունների մասին կխնդրեի փոխանցեք վարչապետին: Թռիչքադաշտը, որը ուղղաթիռի համար է նախատեսված, 18 մետր տրամագծով է արված, այնինչ պետք է լինի նախագծով 25 մետր, և ուղղաթիռը չի կարող ծառայություն մատուցել, որովհետև թռիչքադաշտը կարճ է. սա մեծ թերություն է»,- ասաց Բագրատյանը:
Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ եթե շինարարությունը անորակ է շինարարի կամ ինչ-որ մեկի մեղքով, կան պատասխանատվության միջոցներ:
Ինչ վերաբերում է ուղղաթիռահարթակին, ապա, ըստ Արսեն Թորոսյանի, Մարտունիում և Վայոց ձորում հարթակ նախատեսելու գաղափարն իրենն է, ու քանի որ հարթակի համար տեղ չկար Վայոց ձորում, նախատեսվել է տանիքին:
«Նախագծողի պատասխանատվության դաշտում է, որովհետև ո՛չ դուք, ո՛չ ես մասնագետը չենք դրա»,- ասաց նա և տեղեկացրեց, որ եթե սխալն ինչ-որ մեկի մեղքով է եղել, ապա կդնի այն ուղղելու հարց, իսկ եթե ոչ, ապա՝ այն լուծելու հարց:
Անդրադառնալով Վայոց ձորում մասնագետների պակասին՝ Արսեն Թորոսյանն ընդգծեց՝ դա ոչ միայն Վայոց ձորին բնորոշ խնդիր է. Երևանում կա կադրերի պրոֆիցիտ, իսկ մարզերում՝ դեֆիցիտ: