Հիմա գրեթե բոլոր բուժամբուլատորիաներում համատեղվում է տնօրենի և բժշկի պաշտոնը, և դա լավ օրից չէ, որ թույլ է տրվել ժամանակին: Քանի որ ունեցել ենք կադրերի և նաև ֆինանսական միջոցների սղություն, թույլատրվել է միայն այդ մակարդակում համատեղել բուժական գործունեությունը տնտեսական-կառավարչական գործունեության հետ: Օրինակ՝ հիվանդանոցի տնօրենը չի կարող վիրահատություն անել, ի տարբերություն բժշկական ամբուլատորիայի տնօրենի, որը կարող է բուժել որպես թերապևտ, ընտանեկան բժիշկ: Այս բարեփոխման իմաստներից մեկը նաև այդ գործառույթները տարանջատելն է: Այս մասին ասաց պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով բուժամբուլատորիաների վերամիավորման կամ օպտիմալացման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին:
«Այս նախագիծը մենք առաջին անգամ ընդունել ենք 2019-2020 թվականներին Վայոց ձորի մարզի համար, երբ երեք կլաստեր ենք ստեղծել ամբուլատորիաների, որոնք կշարունակեն մատուցել նույն ծառայությունները նույն ծավալով, բայց լինելով իրավաբանորեն այլ կառուցվածքի մեջ: Խոսքը սրա մասին է»,- պարզաբանեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ լոկալ խնդիրները լուծելով՝ աշխարհագրական հասանելիություն, անվանումներ, այս մոդելը պետք է աստիճանաբար տարածել ամբողջ Հայաստանում:
Ըստ Թորոսյանի՝ ռիսկերը պետք է լավ գնահատել՝ ձախողում թույլ չտալու համար այս կարևոր ոլորտում:
«Մենք հիմա, գնալով այդ ճանապարհով, փորձում ենք տարանջատելով լուծել: Կներեք, եթե մեր գործընկերները իրենց պատկերացնում են բուժական գործի մեջ, չպետք է հավակնեն տնօրենի պաշտոնին: Եթե կհավակնեն, իրենց իրավունքն է, ես չեմ ասում՝ իրավունք չունեն, և այդ հավակնելուց հետո իրենց խնդիրը նաև պետք է լինի իրենց թափուր թողնված հաստիքը լրացնելը: Եթե նրանք կարող են դա անել, ապա քավ լիցի, ողջունելի է այդ մոտեցումը: Եթե չեն կարող, դա իրենց կողմից կլինի ոչ այդքան պատասխանատու վերաբերմունք:
Կներեք, բայց շատ բժիշկներ նաև չեն ուզում դառնալ բժիշկ-տնօրեն, այդ պաշտոնը չեն ուզում լրացնել նաև այդ վարչական բեռնվածության պատճառով: Իրենք նաև չեն ուզում լինել այդ կազմակերպության ֆինանսական պատասխանատուն»,- պարզաբանեց Թորոսյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին: