Մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նիստի սկզբում, ինչպես արդեն հայտնել էիք, քննարկումներ ծավալվեցին ԱԺ նիստերի դահլիճում փակցված ՀՀ մակետի շուրջ:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե Հայաստանի Հանրապետության այն մակետը, որը փակցված է ԱԺ դահլիճում, ո՞ր չափանիշներին է համապատասխանում, ո՞վ է մակետի պատվիրատուն, և ինչո՞վ է սահմանված, որ ՀՀ մակետն այս տեսքը պետք է ունենա:
«Նախ՝ ուրախ եմ, որ վերջապես ճանաչեցիք, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև մինչ օրս մի տասը անգամ այստեղից անընդհատ հարցնում էին՝ ՀՀ-ն ինչ տարածք ունի, քանի քառակուսի կիլոմետր է:
Ինձ հետաքրքրիր է, այնուամենայնիվ, ՀՀ-ն քանի քառակուսի կիլոմետր է՝ ըստ ձեզ: Կասե՞ք»,- հակընդդեմ հարց ուղղեց պատգամավորին Սիմոնյանը:
Ի պատասխան՝ Մինասյանը նկատեց՝ ԱԺ նախագահը չի պատասխանել իր հարցին:
«Խնդիրը շատ ավելի խորն է: ՀՀ տարածքը, գործող օրենքի շրջանակներում, 29.743 կմ քառակուսին է, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ դուք պետք է ուրանաք, մոռանաք ՀՀ ինքնիշխան իրավազորության մեջ գտնվող տարածքները»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը մեղադրելով զիջումների համար:
Սիմոնյանը հակադարձեց՝ պնդելով, որ փակցվածը Հայաստանի Հանրապետության քարտեզն է: Կա՞ ինչ-որ տարածք, որը ՀՀ-ին է պատկանում և այստեղ նկարագրված չէ: Ես սա եմ ճանաչում ՀՀ տարածք»,- հակադարձեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իր ելույթում անդրադառնալով պատգամավորի հարցապնդումներին, հայտարարեց. «Պարո՛ն Մինասյան, այնքան զարմացած եք հարցնում պարոն Սիմոնյանին՝ որտեղի՞ց այս մակետը, ինչի՞ հիման վրա: Գնացեք ձեր կուսակից Լևոն Մկրտչյանին հարցրեք: Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ նա կրթության և գիտության նախարար էր:
Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ այս քարտեզը՝ որպես ՀՀ, մեջն էլ գրած, որ Հայաստանի տարածքը 29.743 կմ քառակուսի է: Խնդի՞ր ունեք այս մակետի հետ, գնացեք Լևոն Մկրտչյանին հարցրեք՝ ինչի ես սխալ քարտեզ դրել դասագրքերում, ինչո՞ւ ես պղծել մեր մանուկներին և աշակերտներին: Ինչ է նշանակում՝ ինչի՞ է Սևանը դատարկ: Ի՞նչ եք ակնարկում՝ որ Սևանը հանձնե՞լ ենք: Պարզ չի՞, որ դատարկ է, որովհետև այսպես ընդգծվում է, որ սա մեծ լիճ է: Ո՞րն է խնդիրը: Սա Հայաստանի քարտե՞զն է, այո՞, թե՞ ոչ»:
Ռուբինյանն ընդդիմադիր գործընկերոջը մեղադրեց ճշմարտության դեմ անիմաստ պայքարելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով թեմային, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, հայտարարեց՝ չգիտեր, թե ՀՀ քարտեզը յուրահատուկ էկզորցիզմի գործիք կծառայի նրանց նկատմամբ:
«Եվ գուցե ինչ-որ պահի հաջողի ՀՀ քարտեզի միջոցով ձեր միջից վանել այն ամբողջ ԿԳԲ-ն, որը նստած է եղել ամբողջ 20-րդ դարում ու, ենթադրաբար, շարունակվել է 21-րդ դարի շրջանակներում, բայց ես շատ ողջունում եմ այս փաստը: Հուսով եմ՝ այն իր նպատակին կծառայի: Հետագայում կփորձեմ ուսումնասիրել մասնագիտական գրականություն և հասկանալ, թե էկզորցիզմի ավելի լավ արդյունքի հասնելու համար էլ ինչ օժանդակ միջոցներ են պետք»,- ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ էր ունեցել և հաշվի առնելով, որ խորհրդարանական դահլիճի պատին վերջերս փակցվել էր ՀՀ քարտեզը, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրել էր ԱԺ ամբիոնին: