Լավ նորությունն այն է, որ դուք չեք փոխվել, և այն, ինչ այսօր կատարվեց այստեղ ձեր կատարմամբ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք հայդուկ: Հայդուկ եք, այսինքն՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս՝ արդեն ինչքան ժամանակ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:
«Մարդը կենդանուց նրանով է տարբերվում, որ ինքնահայեցում ունի, այսինքն՝ ոչ միայն մտածում է, այլև մտածում է իր մտածածի մասին, այսինքն՝ մտածում է ու ասում է՝ էս ի՞նչ հիմար բան ասացի:
Բա որ ասում եք, որ մենք ուրացել ենք, հեչ մտքներովդ չի՞ անցնում՝ բա 2021 թվականին ինչո՞ւ ՀՀ ժողովուրդը մեզ ձայն տվեց, իսկ դուք նստած եք այդ տեղում: Կարո՞ղ է մտածեիք, ասեիք, որ ամեն դեպքում դուք եք ուրացողը»,- ասաց նա:
Հայկ Կոնջորյանը նաև նկատեց՝ քննարկումը պետք է տրամաբանության վրա հիմնված լինի:
«Գալիս, այստեղ խոսում եք ԼՂ-ի մասին, բայց ձեր ամբողջ քաղաքական կենսագրությունն այն է եղել, որ դուք գնացել, բանակցել եք Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու մասին, այսինքն՝ դուք ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ, 20 տարի ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ, հիմա եկել, այստեղ ի՞նչ եք ասում:
Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը, և ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել»,- ելույթը եզրափակելով՝ ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ ունեցավ, և հաշվի առնելով, որ խորհրդարանի դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ մակետը, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրեց ԱԺ ամբիոնին: Պատգամավորի ելույթից հետո դահլիճում քննարկում սկսվեց: