Աննա Մկրտչյանը ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էին Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները, ասաց, որ սա մեր հայրենիքն է, և թե «այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը»:
Ազգային ժողովի` հունվարի 20-ի նիստին մեջբերելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի ելույթից` ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ապա խոսքն ուղղելով նրան՝ հարցրեց. «Տիկի՛ն Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, նա 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ:
Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում նշել է, չէ՞, որ Հայաստանը պատրաստ էր «5+2» շրջաններից դուրս գալ: Ասե՞լ է, չէ՞, չեք հերքի. հայրենիքից դո՞ւրս էր պատրաստ գալ, ուզում էր հանձնե՞լ հայրենիքը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»:
Նշենք, որ մինչև Ռուբեն Ռուբինյանի ելույթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ ունեցավ, և հաշվի առնելով, որ խորհրդարանի դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ մակետը, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրեց ԱԺ ամբիոնին: