ՀՀ պետական օրհներգի հնչունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 23 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:
Ազարյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.
«ՀՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալ եմ»:
Հիշեցնենք՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ստացել էր ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։
ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։
Տեղեկացնենք՝ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: