Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Միաժամանակ, շարունակում են ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի և 2022թ․ հոկտեմբերի 12-ի որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։
ՄԻՀՆ գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։
Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։